ԱրմՖայթինգ Ֆեդերացիայի պատմությունը
Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիան ստեղծվել է 2005թ. օգոստոսի 22-ին` Հայկ Ղուկասյանի նախաձեռնությամբ: Ամբողջ աշխարհում հայտնի է MMA (խառը մենամարտեր) մարզաձևը, մենք անվանվեցինք «ԱրմՖայթինգ», որը թարգմանաբար նշանակում է հայկական մենամարտեր: 13 տարիների ընթացքում, առանց պետության որևէ աջակցության, ստեղծվել է 48 մարզական ակումբ ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում, համալրվել նոր մարզական գույքով, մարզել ընդհանուր թվով հազարավոր հայ մանուկների և պատանիների: ՀՀ սահմանամերձ բնակավայրերի և Արցախի Հանրապետության մարզական ակումբների` 470-ից ավելի մարզիկներ մարզվում են բացառապես անվճար հիմունքներով: «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի մարզիկները բազմիցս բարձր են պահել հայոց եռագույնը աշխարհի տարբեր երկրներում՝ ճանաչվելով աշխարհի, Եվրոպայի և միջազգային մրցաշարերի հաղթողներ և մրցանակակիրներ: Ֆեդերացիան տարածաշրջանում համարվում է միակ վարկանիշային կազմակերպությունը և ճանաչելի է աշխարհի բոլոր ընդհանուր մենամարտերի կազմակերպությունների կողմից: 2005թ. ֆեդերացիայի ստեղծման օրվանից Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմն. դպրոցի փոքրիկ մարզադահլիճը վարձակալության հիմունքներով ծառայել է որպես Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի մասնագիտական մարզական ակումբ, որտեղից էլ կազմակերպվում է ողջ ֆեդերացիայի կառավարումն ու գործունեությունը: